ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Ընկուզենին

Ընկուզենին
13.11.2015 | 10:47

Սալտայի հետ մենակ ենք սենյակում, նրա հետ պատահաբար վերջերս եմ ծանոթացել: ՈՒսանողուհի է, հնարավոր չէր չնկատել խելացի աչքերով, համակրելի արտաքինով աղջնակին։ ՈՒշադիր նայողը կնկատեր, որ նրա մեծ, սև աչքերի մեջ մշուշոտ ինչ-որ բան կար: Մի քանի օրվա ծանոթիս պատահաբար հանդիպեցի փողոցում: Օրվա երկրորդ կեսն էր, ճաշի ժամը: Չեմ սիրում ճաշել մենակ: Չգիտես ինչու, մենակ ճաշել սիրողին համեմատում եմ խոզի հետ: Նստեց անխոս, մռթմռթալով կերավ իր ճաշը, սրբեց բերանը և գնաց իր գործին: Թեպետ ասում են` ՝ճաշելիս չպետք է խոսել, բայց ես դրա կողմնակիցը չեմ:
Ճաշի պահին սկիզբ առած զրույցը միշտ էլ հաճելի է, միշտ գլխումդ առաջ է բերում ինչ-որ խոհական, փիլիսոփայական մտքեր: Սալտային հրավիրեցի ճաշի, և նա չառարկեց:
Իմ հարցին, թե ինչ ոգելից խմիչք կնախընտրի, մեկեն պատասխանեց.
-Մարտինի, շամպայն։
Սիրով կատարեցի նրա խնդրանքը: Ռեստորանի առանձնասենյակում երկուսով ենք: Մեր միջև սկիզբ առած անկաշկանդ զրույցն ընթանում էր այնպես, ինչպես իրար հետ կզրուցեին երկար տարիների ծանոթները: Երբ լցրի շամպայնը, անկախ ինձնից, նրան պարզապես հաճոյանալու համար ասացի.
-Խմում եմ քո երազանքների կենացը:
Նա չխկացրեց բաժակը և շշնջալով ասաց.
-Այսօր իմ ծնունդն է, շնորհակալություն հրավերի համար: Փողոցում մենակ թափառում էի, մտքերի մեջ էի, երբ հրավիրեցիր, եկա առանց երկար-բարակ մտածելու, ուզում էի փոքր-ինչ դուրս գալ մենակության այդ վիճակից: Շնորհակալություն կենացի համար, բայց ասեմ, որ ես դեռ հինգ տարեկանից դադարել եմ երազելուց:- Վերջին խոսքերի վրա նրա աչքերը լցվեցին: Ես մի տեսակ վատ զգացի իմ առաջարկած կենացի համար, բայց շարունակեցի նրան հուսադրել, ասելով` առանց երազանքի մարդը... Դեռ չավարտած միտքս, նա սկսեց լուռ արտասվել։
Եվ պատմեց. «Հինգ տարեկան էի: Տան միակ երեխան էի: Հարևանի երեք տարեկան Լուսինեին թաքուն բերում էի մեր տուն, խաղում էի հետը, կերակրում և հաճախ թաքուն պահում իմ սենյակում: Մի օր մայրս կշտամբեց ինձ. «Ինչո՞ւ ես Լուսինեին թաքուն պահում քեզ մոտ»: «Մամ, ես քույրիկ եմ ուզում, իսկ դու իմ խնդրանքին միայն պատասխանում ես` շուտով, շատ շուտով, երբ թափվի ընկուզենու վերջին տերևը, դու քույրիկ կունենաս»: Հաջորդ օրվանից այլևս Լուսինեին չէի բերում մեր տուն: Բարձրանում էի ընկուզենու վրա, պոկում և ցած էի թափում տերևները, կարծելով՝ այդպես կարագացնեմ քույրիկ ունենալու իմ երազանքը: Նոյեմբերի քսանն էր, ընկուզենու վրա ընդամենը այնքան տերև էր մնացել, որ կարելի էր մատների վրա հաշվել:
«Մայրիկ, տես, որքան քիչ են մնացել տերևները, երևի վաղը քամին դրանց վերջը կտա»: Մայրս ծիծաղեց և համբուրելով ինձ ասաց. «Քեզ խոստացածը շուտով կկատարվի, երևի վաղը կամ մյուս օրը կթափվի վերջին տերևը, և դու քույրիկ կունենաս»: Ես շատ ուրախ էի, մեկ-երկու օրից կկատարվի երազանքս՝ քույրիկ կունենամ:
Նոյեմբերի երեսունին շտապ օգնության մեքենա կանգնեց մեր դռանը: Մորս տարան հիվանդանոց: Մեքենա նստելուց առաջ նա ինձ ցույց տվեց ընկուզենու վրա մնացած վերջին տերևը` ասելով. «Երևի վաղը նա էլ կընկնի, և դու քո ծննդյան օրը քույրիկ կունենաս»: Ես շատ ուրախացա և ամբողջ գիշեր պատուհանից նայում էի լուսնի աղոտ լույսի տակ դողացող ընկուզենու վրա մնացած վերջին տերևին: Դրսում աշնանային քամին գնալով ուժեղանում էր, բայց տերևը չէր ընկնում, համառորեն կառչել էր ծառին: Հետո քունս տարավ: Առավոտյան, երբ արթնացա, նայեցի ծառին. հսկա ընկուզենին քամին կիսել էր մեջտեղից։ Մի քանի օր հետո քույրիկիս տուն բերեցին առանց մայրիկիս: Այդ օրվանից փշրվեցին իմ երազանքները»:
Նրա սրտահույզ խոսքերից հասուն մարդուս աչքերը արցունքակալվեցին, բայց վարպետորեն փորձեցի թաքցնել: Ես ոչինչ չասացի: Կարծես ասելու բան էլ չկար: Բայց ուժ գտնելով մեջս` փորձեցի սփոփել նրան. «Թող այսօր երազանքներդ վերջանան գեղեցիկ երազի նման: Մի տխրիր, քույրիկդ կողքիդ է»:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 170954

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ